«Բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կա´մ վախենում են, կա´մ չեն ուզում հայտնվել»
Հունիսի 16-18-ին Արցախում տեղի է ունենալու «Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը», որը կազմակերպել են ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը: Մասնակցելու են 15 կուսակցություններ Հայաստանից եւ 6-ը՝ Արցախից: Հրավիրել են աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Շահնազարյանը, Տիգրան Հակոբյանը, Լարիսա Ալավերդյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Ի դեպ, կուսակցություններից «ՕՐՕ» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրավիրված չեն, հրաժարվել են մասնակցել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, Արցախից՝ «Ազգային վերածնունդը»: ՕՐՕ-ի դեպքում, ըստ ներկայացնողի, պարզ չէ, թե ինչ կարգավիճակում են նրանք, դաշինքը կա, թե ոչ: Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանիին», ապա հարցին, թե հնարավոր է, որ Զարուհի Փոստանջյանին չեն հրավիրել, որ նա համաժողովը «դժոխքի չվերածի», Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այլաբանություն չփնտրեք, բայց այպիսի մի ճշմարտություն կա՝ բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կամ վախենում են, կամ չեն ուզում այնտեղ հայտնվել, մի խոսքով, դժոխքը չեն վայելում:
Եթե մարդը կամ քաղաքական ուժը ասում է, որ դժոխք է ստեղծելու, և եթե նա պատրաստ է այդ դժոխքը վայելել, ուրեմն մի բան այն չէ, պրոբլեմ է: Չես կարող այլոց համար ստեղծել դժոխք, իսկ դու մնաս դրախտում, որովհետև գոնե պետք է լինես այդտեղ՝ խարույկը ջերմ պահելու համար»: