Որևէ տեսանելի արդյունք չկա. Զոհրաբյանը` Կառավարությունից (տեսանյութ)
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Կառավարության կողմից ներկայացվելիք ծրագրից և այս ամիսներին կատարված աշխատանքներից, ընդգծեց. «Այս պահին բացի հայտարարություններից որևէ շատ տեսանելի արդյունք չկա, երբ ծրագիրը կգա, մենք նաև խորհրդարանական քննարկումների ժամանակ հաշվետվություն կակնկալենք, որովհետև որքան ես տեղյակ եմ, այդ ներդրումների խումբը, որ ստեղծվել է, գուցե արվել են ներդրումներ, բայց մենք տեղյակ չենք: Գուցե պայմանավորվածություններ կան, բայց մենք չգիտենք:
Երբ կներկայացվի հաշվետվություն, թե անցած ամիսների ընթացքում ինչ է եղել ու ինչ ծրագիր են բերում, ինչ է արվելու, խմբակցությունում կքննարկենք ու մեր որոշումը կհայտնենք»:
Հարցին, թե այսինքն «Ծառուկյան» խմբակցության տեսակետը պայմանավորված է լինելու վարչապետի կողմից ներկայացվելիք հաշվետվությամբ, պատգամավորն արձագանքեց. «Մեր վերաբերմունքը պայմանավորված է լինելու նրանով, թե ինչ է արվել, բայց ես տեսանելի տեղաշարժ տնտեսության ոլորտում չեմ տեսել»:
Հարցին, թե հնարավոր է, որ խմբակցության տեսակետը ազատ լինի, այսինքն թողնվի պատգամավորների հայեցողությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ոչ հնարավոր չէ, խմբակցության տեսակետը լինելու է միասնական»: