Կաշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը. Վարդան Հարությունյան
Պետեկամուտների կոմիտեում մեկնարկել են կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների նոր փուլը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը շեշտել էր, որ համակարգի ստեղծումից ի վեր, երկրորդ անգամն են նման խոշորածավալ փոփոխություններ իրականացվում. «ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը եւ իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երեւույթների դեմ»:
Վարդան Հարությունյանն այս փուլում կարեւորել է նաեւ իրավական հատվածի բարեփոխումների արդյունավետության բարձրացումը: Կոմիտեի ղեկավարը նոր թիմից հարկային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչեւ ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանի խոսքով՝ թեպետ վերջին ամիսներին համակարգում աշխատաոճի դրական փոփոխությունները տեսանելի են, այնուամենայնիվ դեռեւս գործելաոճի մեջ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նա հանձնարարել է բացառել հովանավորչությունը, ինչի վերաբերյալ դեռեւս ահազանգեր կան:
Կոմիտեի նախագահը միաժամանակ հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել բիզնեսի համար, ազատականացնել ընթացակարգերը եւ մատուցել բացառապես որակյալ ծառայություն. «Շատ անելիքներ կան, որպեսզի հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը փոխվեն: Գործարար, եւ, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը»: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ եւ հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ու հորդորել՝ չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը: