4 տարվա պատժաչափ Անի Զախարյանի համար
Այսօր` հունիսի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի համար մեղադրողը պահանջել է 4 տարվա պայմանական ազատազրկում:
Դատախազ Վահան Հարությունյանը նշել , որ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է:
Նշենք, որ Անի Զախարյանը մեղադրվում է Երեւանի Խորենացի փողոցում անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ:
«Միջնորդում եմ դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն կիրառելով 70-րդ հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան չորս տարվա ժամկետով»,- ասել է մեղադրողը:
Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել պատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 28-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:
Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: