Մեկ էլ Ձեզ մի տեղ դեսպան նշանակեն, ի՞նչ ենք անելու. Պողոսյանը՝ Աշոտյանին
ԱԺ-ում ընթացող «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպման ժամանակ փորձագետ Թևան Պողոսյանը հետաքրքրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից, թե ինչ ֆինանսական միջոցներով է ձևավորվելու վերլուծական կենտրոնը՝ հաշվի առնելով, որ ժամանակին համաշխարհային բանկը ծրագիր էր փորձում նախաձեռնել ԱԺ-ում փորձագիտական խումբ ստեղծելու համար, բայց նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվել: «Փորձենք ինտուզիազմը վերածել ինստիտուտի, կանենք, կմնանք կաշխատենք, չենք անի, ինտուզիազմը կարող է վերանալ: Կարող է՝ մեկ էլ Ձեզ մի տեղ դեսպան նշանակեն, ի՞նչ ենք անելու», – հարցրեց Թևան Պողոսյանը:
«Ինձ պաշտոնական իջեցում եք կանխատեսում», – արձագանքեց Արմեն Աշոտյանը: «Չգիտեմ, ձեր մոտ կա սովորություն, ասում ա՝ «ոնց կուսակցությունը որոշի, դա արդեն ես չեմ որոշում»», -կատակեց Թևան Պողոսյանը: Խոսելով ֆինանսավորման մասին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այս պահին գումար չունեն, մինչդեռ կան շատ բաներ, որոնք հնարավոր է առանց գումարի անել: «Եթե ուզենք միայն խնդիրներ տեսնել, ապա սա չի աշխատելու: Ես ուզում եմ հեռանկարներ տեսնել», -նշեց Աշոտյանը: