Ո՛չ դուք, ո՛չ էլ ես նման տեսակի PR-ի-ի կարիք չունենք. Աշոտյան
ՀՀ խորհրդարանը քննարկում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծման հարցը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ խորհուրդը կգործի մինչև 6-րդ գումարման ավարտը՝ 5 տարի ժամկետով: «Խմբի նպատակն է լինելու օգնել ԱԺ մարմիններին նախևառաջ հանձնաժողովի միջոցով ստանալ հնարավորինս արդիական և ժամանակակից տեղեկություններ ակադեմիական-փորձագիտական ոլորտից, որոնք կօգտագործվեն ԱԺ-ում», – ընդգծեց Ա. Աշոտյանը: Վերջինիս խոսքով՝ խումբը գործելու է երկու ձևով՝ ընթացիկ և պլանավորված: Ընթացիկ աշխատանքները ենթադրում են որոշակի լսումներ, քննարկումներ, իսկ օպերատիվ աշխատանքը ենթադրում է քննարկել տվյալ պահին առկա դիվանագիտական մարտահրավերները:
Հրավիրված են մի շարք փորձագետներ: Նրանցից Թևան Պողոսյանն ու Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեցին, թե արդյոք ուսումնասիրվել են այլ երկրներում գործող նման փորձագիտական խմբերը, և ինչպես են դրանք գործելու ՀՀ-ում: «Նման ընթացիկ աշխատանքային փորձ մեր հանձնաժողովն ունեցել է: Թեմատիկ քննարկումներ մասնագիտական հանրույթի հետ եղել է, բայց մշտապես գործող ինստիտուցիոնալ հարթակ չի եղել: Կարծում եմ՝ միասնական ցանկության դեպքում ամեն մեծ պատնեշն էլ կհաղթահարենք»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանն էլ խոսելով մտահոգություններից, որ խումը ձևական կարող է ընկալվել՝ նշեց. «Եթե մենք կամ դուք ձևական և ֆորմալ մոտենանք հարցին, մտածենք, որ տեսախցիկները նկարում են, լրագրողները պետք է ռեպորտաժ ստանան, ոչ դուք, ոչ հանձնաժողովը, ոչ էլ ես նման տեսակի PR-ի-ի կարիք չունենք: Ասեմ ավելին, քննարկումների մեծ մասը off record ֆորմատով պետք է լինեն, որպեսզի մեզ համար աշխատենք: Քաղաքական PR-ի բաղադրիչը բացառում եմ, մենք դրա անհրաժեշտությունը չունենք, մեր համատեղ աշխատանքի պրոդուկտը պետք է պարզապես նյութ դառնա»: