Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ այդ հարցում առանձնակի կարեւորել դեսպանի ներդրումը՝ միտված երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է առանցքային նշանակություն ունենալ երկկողմ համագործակցության հարցում, ուստի խորհրդարանականները պետք է արդյունավետ օգտագործեն կարեւորագույն այդ հարթակը:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել բեղմնավոր աշխատանք: Դեսպանը բարձր է գնահատել տիկին Հովհաննիսյանի կատարած աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում եւ ներկայացրել է այս ոլորտում իր երկրում իրականացվող քայլերը: Նա կարեւորել է հայ-ղազախական համագործակցության խորացումը տարբեր բնագավառներում եւ ներկայացրել է այդ ուղղությամբ վերջին շրջանում իրականացված ծրագրերն ու քայլերը:
Զրուցակիցներն անդրադարձել են վեցերորդ գումարման խորհրդարանում Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ձեւավորմանը եւ համոզմունք հայտնել, որ այն իր գործունեությամբ հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի:
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը եւ կարեւորել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցված աշխատանքը: