Փաստի առաջ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին օրերս Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները և այն տեղեկությունները, թե Կարեն Կարապետյանը առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Նախագահը շեշտել էր ՝ թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով իրենց գիտեն՝ ովքեր են այդ կեղծ լուրերի, նախագահի խոսքով՝ «բեմականացման» հեղինակները:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Չեմ կարող ասել՝ նախագահի ու վարչապետի միջև այդ լարվածությունը կա՞, թե՞ ոչ: Բայց մի բան հաստատ է. ՀՀԿ-ն իր շարքերում այժմ չունի մի քաղաքական գործիչ, ով կկարողանա փոխարինել Կարեն Կարապետյանին: ՀՀԿ-ն լավ գիտի՝ իր կորիզի ներկայացուցիչները սիրված չեն: Պետք է շեշտել՝ Կարապետյանն այն քաղաքական գործիչն է, ով սերտ կապեր ունի պաշտոնական Մոսկվայի հետ: Ցավով պետք է խոստովանենք, որ մեր ռազմավարական գործընկերը՝ ՌԴ-ն մեծ ազդեցություն ունի մեր երկրի վրա»:
Քաղաքագետը շեշտեց՝ եթե իրոք վարչապետ Կարապետյանի ու նախագահ Սարգսյանի միջև լարվածություն կա, որքան էլ ՀՀԿ-ն ցանկանա ձերբազատվել Կարապետյանից, մեկ է, հաջորդ վարչապետի պաշտոնի հարցի վերաբերյալ որոշում կայացնողը լինելու է ոչ միայն միայն Հայաստանի քաղաքական վերնախավը, այլև ՌԴ-ն:
«Վարչապետը ՀՀ թիվ մեկ դեմքն է լինելու, ուստի բոլոր օտար ուժերը, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանով, կուզենան վարչապետի պաշտոնում տեսնել իրենց համար ցանկալի մեկին», – նշեց քաղաքագետը:
Մեր հարցին՝ այսինքն՝ այս պարագայում ՌԴ-ի համար ցանկալի կլինի, որ Կարեն Կարապետյա՞նը շարունակի պաշտոնավարել 2017 -ից հետո, քաղաքագետը պատասխանեց՝ այո՛, կարծում եմ՝ ՌԴ-ն վարչապետի պաշտոնում կուզենա տեսնել հենց Կարապետյանին: