Սերժ Սարգսյանն այցելել է «Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսի հայկական տաղավար
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:
Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները։
«Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ցուցահանդեսի ՀՀ ազգային օպերատոր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին այստեղ նախատեսվող աշխատանքները: Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր:
Ավարտելով աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: