Գողացված քարտով փորձել են բանկոմատից գումար կանխիկացնել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
2017թ. մայիսի 22-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 15:00-15։30-ի սահմաններում, Երևանի Հր.Քոչարի 10-րդ շենքի մոտ կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտեր, «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոս։ Գողացված քարտերով նույն օրը բանկոմատից կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջին տարիքի մի տղամարդ բանկոմատից գումարի կանխիկացման փորձ կատարում՝ գողացված բանկային քարտով:
Բազմակողմանի,օբեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Տեսանյութը և լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: