27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օդային ուղևորահոսքերի 31 տոկոսի աճ է գրանցվել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է, որ 2016 թվականին արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է 2 մլն 117 հազարի: 2017-ի առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է և ուղևորահոսքերի, և բեռնափոխադրումների շարունակական աճ, մասնավորապես, ուղևորահոսքն աճել է 31 տոկոսով, բեռնափոխադրումների ծավալը՝ 82 տոկոսով: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել Հայաստանից կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ, բանակցություններ են տարվում ավիաընկերությունների և ներդրողների հետ:

Նոր ավիաընկերություններ ներգրավելու, չվերթերի հաճախականությունն ու երթուղիների ցանցն ավելացնելու նպատակով աշխատանքներ են տարվում նաև բիզնես միջավայրի բարելավման նպատակով: Մասնավորապես, գործողություններ են իրականացվում ուղղված թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը, պահանջվող փաստաթղթերի կրճատմանը, տոմսերի վաճառքի, հայտերի ներկայացման առցանց համակարգերի ներդրմանը, ինչն ավելի վերահսկելի ու թափանցիկ կդարձնի գործընթացը: Վերանայվում են նաև միջպետական համաձայնագրերը, Եվրոպական միության հետ ընթանում են Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Վարչապետը կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և հանձնարարել, հաշվի առնելով ոլորտի զարգացումները, կառավարության աշխատակազմ ներկայացնել ավիացիոն բնագավառի զարգացման  հստակ առաջարկություններ:  

Տեղեկացվել է, որ այժմ մշակվում է նաև փոքր ավիացիայի զարգացման ծրագիրը և այդ նպատակով գնահատվում է մեր երկրի օդանավակայանների ներկա վիճակը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով փոքր ավիացիայի պահանջարկը՝ անհրաժեշտ է ընտրել այն թիրախային կետերը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի չվերթեր իրականացնել: «Անհրաժեշտ է ըստ ուղղությունների ուսումնասիրել առևտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն և աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան և ունենանք զարգացման տեսլական»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:  

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հարցին՝ վարչապետը նշել է. «Այդ ուղղությամբ պետք է իրականացնել շատ կոշտ վերահսկողություն, չպետք է յուրաքանչյուրին նույն կերպ վերաբերվել, այնտեղ նորմալ աշխատող մարդիկ էլ կան, պետք է այդ տարաջատումն անել»: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև օդանավակայանում զբոսաշրջիկներին տեղեկատվական ծառայությունների մատուցման կետերի ավելացումը, որոնք կառաջարկեն գործակալներ, թարգմանիչներ, տրանսպորտ: «Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններ»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև «Զվարթնոց»  օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն տրանսպորտային երթուղու ներդրմանը և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և օդանավակայանի ղեկավարության համագործակցության հնարավորությունների վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև օդանավակայանի գործունեության ընդլայնման 2021-2023 թվականների ծրագրի նախագծին: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ