«Երկիր Ծիրանի»-ի բանաձեւը
«Երկիր Ծիրանի» կուսակցության
ԲԱՆԱՁԵՎԸ
Երեւանի ավագանու պարտականությունների վերաբերյալ
Առանց այլընտրանքային, խորհրդային կեղծ ընտրութուններից հետո 88 թվականի զարթոնքը` քաղաքական պայքարը, այդպես էլ չկարողացավ ստեղծել հնարավորություն ապահովելու անցումը` ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորմանը: Այս ձախողման հետեւանքով մեր կյանքում առկա է ժամանակակից ղեկավարվող ժողովրդավարության տարրերով ավտորիտար ռեժիմ իր հենարանով` վարչական եւ ֆինանսական ռեսուրսներով:
Այսօրվա գործող ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկը տեղական ինքնակառավարման համակարգն է: Այս ոլորտում հանրային իշխանության կազմակերպման եւ իրականացման միջոցները քաղաքականության տեսանկյունից նույնքան կարեւոր են, որքան օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության ոլորտներում:
Տեղական ինքնակառավարումը սոցիալական ինստիտուտ է, եւ նրա արդյունավետ աշխատանքը կարեւոր գործոն է ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման համար: Երեւանում ինքնակառավարման լիարժեք ներդրումը եւ զարգացումն ուղղակիորեն կապված են մեր հայրենակիցների քաղաքացիական եւ քաղաքական գործուն ներգրավվածության հետ:
Համարելով, որ Հայաստանի Հանրապետությունում շուրջ քառորդ դար օրինական ընտրությունների միջոցով չի ձեւավորվել իշխանություն, որի շարքը համալրեց նաև 2017 թվականի մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններ կոչված միջոցառումը,
համարելով, որ հանրային կառավարմանը մասնակցելու իրավունքը եւ այն իրականացնելը ժողովրդավարական այն սկզբունքներից է, որն անհրաժեշտ պայման է ժողովրդավարության զարգացման համար,
համարելով, որ մեր պետության զարգացումը պայմանավորված է քաղաքացիների, լրատվամիջոցների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների կողմից հանրային իշխանությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողությամբ,
հաշվի առնելով երեւանցիների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցությանը լիազորություն տրամադրելը` իրենց անունից հանդես գալու տեղական իշխանության գործունեությունում` տեղական իշխանության լիազորությունների եւ պարտավորությունների իրականացման ձեւերը ճշգրտելու, որոշելու եւ դրանց վրա ազդելու իրավունքը,
հաշվի առնելով տեղական իշխանության գործունեությունում ավագանու դերը` նրան վերապահված իրավունքը` վերահսկողական լիազորությունները եւ կամավոր հիմունքներով պարտականությունները, այդ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ օրենքով սահմանված ընթացակարգերը`
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ստանձնելով Երեւանի ավագանու պարտականությունները, օգտվելով իր լիազորությունից`
կազմակերպելու է մարդկանց եւ կազմակերպությունների ներգրավվածությունը` խորհրդատվական գործընթացներին, հանրաքվեների հարուցմանը, պահանջագրերի եւ միջնորդագրերի ներկայացմանը, տեղական իշխանությունների պաշտոնական փաստաթղթերի ձեռքբերմանը,
քննարկելու եւ արձագանքելու է տեղական իշխանությունների եւ տեղական հանրային ծառայությունների վերաբերյալ ստացված բողոքներն ու առաջարկությունները, դիմելու է վարչական դատարան` ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցերով, ներկայացնելու է հաղորդում հանցագործության մասին իրավապահ մարմիններին` ավագանու եւ քաղաքապետի ակտերի անօրինականությունների վերաբերյալ: