Լեզվի մասին օրենքի նախագիծը կարող է ազգային փոքրամասնությունների համար խնդիր առաջացնել. վրացագետ
Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատանքները ՛՛Պետական լեզվի մասին՛՛ օրինագծի վրա: Այս հարցը մտահոգում է Վրաստանի ազգային փոքրամասնություններին, այդ թվում` ջավախահայերին: Անդրադառնալով այս հարցին` այսօր վրացագետ Ալիկ Էրոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դժվար թե այս օրինագծում կոնկրետ դիտավորություն լինի ջավախահայերի դեմ: Ըստ նրա` այդ հարցը քննարկվել է թե նախորդ իշխանությունների, թե այս իշխանությունների օրոք:
Ըստ այդ օրենքի նախագծի` նախատեսվում է, որ պետական մարմին պետք է ստեղծվի, որն իրականացնելու է վերահսկողություն` պետական լեզվի պաշտպանության ոլորտում եւ խախտումների պարագայում սահմանվելու են տուգանքներ: Սակայն վրացագետի խոսքով` վտանգավոր ոչինչ չկա այս օրենքում, շատ երկրներ են այդպիսի օրենք ընդունել:
“Օրինագիծը կոնկրետ հայերին ուղղված չէ: Առաջին հերթին անում են իրենց լեզվի պաշտպանության շահերից ելնելով, բայց իրենք ուզեն, թե՝ ոչ, պետք է հաշվի առնեն նաև այն միջազգային պարտավորությունները, որ ստանձնել են: Եթե վրաստանի քաղաքացին չի տիրապետում վրացերենին, նրան ստիպում են, որ սովորի”,- ասաց Ա. Էրոյանը:
Բանախոսի խոսքով, սակայն, թեեւ այս օրենքում որևէ արտառոց բան չկա, սակայն այն երկրում, որտեղ ազգային փոքրամասնություններ կան, կարող են լրջագույն խնդիրներ առաջացնել: ՛՛Վրացերենի լավ չտիրապետող քաղաքացիները խնդիրներ են ունենալու ծառայություն ստանալու, մատուցելու գործընթացում, եթե վրացերենին չեն տիրապետում: Տեղին էր հայկական կազմակերպությունների կոչը այս հարցի հետ կապված՛՛,- նշեց նա՝ նշելով, որ եթե այս օրինագծի ընդունելուն զուգընթաց քննարկումներ սկսվեն հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցի շուրջ եւ օրենք ընդունեն, ապա հարցը կբալանսավորվի: