Նախագահը հանձնարարել է
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։
Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ ներդնելու վերաբերյալ։
Բնապահպանության նախարարն անդրադարձել է նաև անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու վերահսկմանը:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է աշխատանքներ սկսել միասնական անտառային կառավարման համակարգի ստեղծման ուղղությամբ և ներկայացրել «Դիլիջան» ազգային պարկի երեք ռիսկային մասնաճյուղերի պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը: Նախարար Մինասյանը զեկուցել է նաև կենսաբազմազանության անձնագրավորման, էկոտուրիզմի ներուժի արդյունավետ օգտագործման, բնապահպանական և բնօգտագործման վճարների քաղաքականության վերանայման ուղղությամբ գերատեսչության ձեռնարկած քայլերը:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախարարին ակտիվացնել աշխատանքները բնություն–արտաքին պարտք մեխանիզմի գործադրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Հայաստանի երկկողմ վարկային պարտավորություններից որոշակի միջոցներ ուղղել Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը։
Նախագահը նախարարի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ու էկոհամակարգի վերականգնման միջոցառումներին վերաբերող հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ: Բնապահպանության նախարարը զեկույցի ժամանակ ներկայացրել է «Սևան» ազգային պարկը կենսոլորտային արգելավայրի վերածելու հեռանկարային ծրագիրը:
Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ Արարատյան դաշտում իրականացված ջրախնայողության արդյունքում խնայվել է 980.24 մլն մ³/տ ջուր, սակայն առկա ջրօգտագործումը դեռևս գերազանցում է թույլատրելի ծավալները, որոնց կրճատման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Հանրապետության Նախագահին ներկայացվել է նաև նախարարության կառուցվածքային և կադրային բարեփոխումների անհրաժեշտությունը: