Հայերն ավելի եվրոպացի են, քան ԵՄ անդամ շատ երկրների ներկայացուցիչներ. Սվիտալսկի
«Որպես նորընտիր Ազգային ժողովի նախագահ՝ ուզում եմ շեշտել, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր ԱԺ-ում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Բաբլոյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա. «Մենք հաստատակամ ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում»:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ շուտով կստորագրվի ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և առկա հարաբերությունները կթևակոխեն իրավական նոր հարթություն:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև ընդգծել Եվրոպական միության կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:
Պյոտր Սվիտալսկին նշել է, որ տարիներ շարունակ շփվելով հայ հասարակության հետ, նկատել է, որ հայերն ավելի եվրոպացի են, քան ԵՄ անդամ շատ երկրների ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին Պյոտր Սվիտալսկին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին: