Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց իտալացի խորհրդարանականներին
Հունիսի 6-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների խորհրդարանական փոխգործակցության և դրա խթանման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ հայ-իտալական հարաբերությունների բազամադարյա պատմությանը՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայությունն են վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Իտալիա միջկառավարական նիստի գումարման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դա գործուն շրջանակ կհանդիսանա հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար։
Նախարար Նալբանդյանը անդրադարձ կատարեց ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց ընտրությունների կազմակերպման օժանդակության նպատակով Եվրոպական միության ցուցաբերած աջակցության կարևորությունը:
Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նա կարևորեց հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի և Իտալիայի մոտեցումներին։