Դավաճանության խնդիր չկա. ինչ կանի ԲՀԿ-ը Գյումրիում
Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը վստահեցնում է, որ մինչև ամռան ավարտ հաստատապես իրենք չեն դադարեցնելու բոյկոտը Գյումրու ավագանիում ու նիստերին չեն մասնակցել, ինչն օրեր առաջ արեց «Հայկական վերածնունդը»: «Մենք 3 կուսակցությունով հայտարարություն արեցինք, որ չենք մասնակցի նիստերին, մինչև իրավական գործընթացների որոշումների կայացումը: Վերջին որոշումը Սահմանադրական դատարանինն էր, որ թողեց նույնը: Մենք արդեն 3 կուսակցությունով հավաքվեցինք, և բոլոր կուսակցություններն իրավունք ստացան առանձին գործելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վարդևան Գրիգորյանը հիշեցրեց, որ նիստին ոչ իրենք, ոչ «Գալան» չեն մասնակցել նիստին, միայն ՀՎԿ-ն է մասնակցել: «Իհարկե, դա իրենց որոշումն է: Մենք տեղյակ ենք պահել, որ քանի որ սեպտեմբերին սկսվում է մյուս նստաշրջանը, մինչև սեպտեմբեր որոշում կկայացնենք, հասարակությանը կիրազեկենք»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՎԿ-ին գումար են առաջարկել նիստին մասնակցելու համար, ապա Վ. Գրիգորյանն ասաց. «Ես էլ մամուլից եմ կարդացել, որ շահադիտական նպատակներով է եղել մասնակցությունը, բայց չեմ կարող հաստատապես ասել, որովհետև տեղյակ չեմ եղել անձամբ»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ «դավաճանում են» գործընկերներին, ԲՀԿ-ականն արձագանքեց. «Որևէ մեկը պարտավորություն չէր ստանձնել, որ մինչև վերջ մյուս կուսակցությունների դիրքորոշմանն անպայման պիտի մասնակցեր: Այն շրջանը, որի համար եղել էր պայմանավորվածություն, բոլոր կուսակցությունները պահել են: Դրանից հետո արդեն ամեն մեկն ազատ էր, իրենք իրենց իրավունքն է, արել են, դավաճանության խնդիր չկա»:
Նա չբացառեց, որ արդեն ամառվանից հետո իրենք էլ կմասնակցեն նիստերին:
ՀՀԿ-ի հայտարարություններից խոսելով, թե բոյկոտի արդյունքում քաղաքն է տուժում՝ նա նշեց, որ ընտրությունների արդյունքների մանդատների բաշխումն է սխալ իրականացվել, և իրենք պայքարել ու պայքարում են ժողովրդի ձայնի համար: