Կփոշմանեն՝ ճար անող կա․ Հրապարակ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Առանձին-առանձին հանդիպումների ժամանակ նա քննարկել է իր «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերը, մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն ԱԺ-ին։
Մասնավորապես նշել է, որ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումն սպայական ծառայության հետ կապելն է:
ԲՀԿ-ականները հետաքրքրվել են, թե կարո՞ղ է արդյոք առաջին կարգի զորամասում ծառայող զինվորը կես ճանապարհից ետ կանգնել, ի՞նչ է նախատեսվում այդ դեպքում։ Ըստ ծրագրի, ժամկետային զինծառայողը, կամավոր ընտրելով այդ ծառայությունը, կստանա բացարձակ նոր կարգավիճակ, որը կարելի է անվանել ժամկետային պայմանագրային ծառայություն:
Սա նշանակում է, որ 2 տարի ժամկետային ծառայության փոխարեն առաջարկվում է ստորագրել պայմանագիր, 3 տարի ժամկետով ծառայության անցնել առաջին կարգի զորամասում, բայց հետեւյալ պայմաններով՝ 5 ամիս ուսման ցիկլն ավարտելուց հետո ծառայություն 1+1+2 ձեւաչափով. 1 շաբաթ յուրաքանչյուր ամիս անցկացնում են տանը, 1 շաբաթ՝ զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ 2 շաբաթ՝ առաջնագծում: 3 տարի ծառայելուց հետո նրանք իրենց հաշվին մոտ 5 միլիոն դրամ կստանան։
Պնախարարը պատասխանել է, որ կարող են որոշումից հետ կանգնել, պարզապես նման դեպքում լրացվում է 2 տարվա ժամկետային ծառայությունը․ եթե, ենթադրենք՝ մի քանի շաբաթ արձակուրդում է եղել, ապա պետք է լրացնի այդ ազատ օրերը։ Վ․ Սարգսյանն ասել է նաեւ, որ նման ծառայություն ընտրած զինվորի զոհվելու դեպքում 5 միլիոնը կփոխանցվի ընտանիքին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։