“Ես միշտ թռցնող եմ, թռնող չեմ”. Վարդան Ղուկասյան խախտեց լռությունը /վիդեո/
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պարզվում է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ էր եկել, վերջինիս Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությանը անձամբ հրավիրելու նպատակով: “Քաղաքի օրն է հոկտեմբերի յոթին, չեք լսե՞լ”,-ԱԺ նախագահի սենյակից դուրս գալուց հետո լրագրողներին իր այցելության նպատակն այսպես ներկայացրեց Վարդան Ղուկասյանը:
“Ո՞ր քաղաքի”,-լրագրողի հարցին արձագանքեց.”Բա էլ քանի՞ քաղաք կա: Քննարկում ենք, հրավիրում ենք, հրավիրատոմս ենք տալիս, որ մարդիկ գան, մասնակցեն”: Դիտարկմանը, թե Վարդան Ղուկասյանն այլեւս քաղաքապետ չէ, Գյումրիի նախկին քաղաքապետը պատասխանեց.”Մինչեւ նոյեմբերի 12-ը ես քաղաքապետ եմ”:
Ի պատասխան այն հարցի, թե Հովիկ Աբրահամյանի հետ չի՞ Քննարկել իր հետագա քաղաքական ճակատագրի հարցը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց.”Ճիշտն ասած, ես չեմ ուզում աշխատել պետական կառույցներում, ես ինձ ավելի շատ ճանաչում եմ բիզնեսում: Մի քիչ պետք է հանգստանալ”:
Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե դպրոցից հետո ողջ կյանքի ընթացքում բիզնեսով է զբաղվել, ֆերմեր է եղել եւ այսօր էլ ֆերմաներ ունի. “Առաջին կոոպերատիվ Սպարտակը ես եմ ստեղծել”:
Լրագրողները հետաքքրքրվեցին, թե Գյումրիի քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը որտե՞ղ է եւ ե՞րբ կվերադառնա: “Սպարտակ Ղուկասյանը կգա, ինչ որ պետք է ըստ այդմ կառաջնորդվի: Ես ճիշտն ասած, չգիտեմ, թե ինքը հիմա որտեղ է, բայց որ կգա, դա հաստատ է”: Հարցին, թե ի՞նչ նպատակով է գնացել Սպարտակ Ղուկասյանը, նախկին քաղաքապետը արձագանքեց` արջ բռնելու: Հիշեցնենք Վարդան Ղուկասյանի որդին Գյումրիում հայտնի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ է:
Անդրադառնալով քաղաքապետ եղած տարիներին իր կուտակած պարտքերի մասին հարցին, Վարդան Ղուկասյանն ասաց, որ իր իրավահաջորդը պետք է անպայման վճարի: “Չեն կարող չվճարել: Երբ ես իննսունինը թվականին քաղաքապետ դարձա, 4 հարյուր միլիոն բյուջեի մեջ 399 միլիոնը պարտք էինք, փակելով եկել ենք , կառուցել ենք:
Ինչքան հիմա մեր բյուջեն է, էդ բյուջեով Գյումրի քաղաքը պահելու համար ցանկացած քաղաքապետ մեծ դժվարությունների առաջ է կանգնելու”,-նշեց Վարդան Ղուկասյանը ու հավելեց, թե ՀՀ-ում առաջինը Գյումրին էր, որ կարողացավ սեփական եկամուտները ավելացնել:
Հարցին, թե նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն կկարողանա՞ այդ խնդիրներին լուծում տալ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, թե ՀՀ նախագահը մարզերի հետ կապված խոշոր ծրագիր է իրականացնում, որը շատ կարեւոր է:
Վարդան Ղուկասյանը հերյուրանք համարեց այն, թե իր կողմնակիցները պարտվեցին Գյումրիի ավագանու ընտրություններին: Հայտարարեց, որ իր հեղինակությունը Գյումրիում այնքան մեծ է, որ գնալ Գյումրի եւ տեսնել է պետք:
“Ես բարեպաշտ ձեւով, ժպիտով, ինչ որ եղել եմ նախկինում, հիմա նորից նույն ողորմածն եմ լինելու, նույն եկեղեցակառուցողն եմ լինելու, ես էդպես էլ ապրելու եմ` իմ երկիրը սիրելով ու ժողովրդին գնահատելով, բայց ձեր վատությունը` լրատվական կառույցներ, թող ձեզ մնա”,-հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
Henaran.am-ը հետաքրքրվեց, թե շնորհավորել է արդյոք Վարդան Ղուկասյանը Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին.”Ե՞ս: Էդ արդեն անձնական խնդիր է, եթե ես տեսնեմ լեգիտիմ, իրոք ժողովրդի կողմից ընտրված մարդկանց, անպայման կշնորհավորեմ, բայց ես հլը չեմ խորացել էդ հարցի մեջ, որովհետեւ տեղում չեմ եղել”:Մեր ճշտող հարցին, թե նա կասկածի տա՞կ է դնում ընտրությունների արդյունքները, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ ինքը տեղում չի եղել:
Վարդան Ղուկասյանը անդրադառնալով իր եւ ՀՀԿ-ի հարաբերություններին, դրանք շատ դրական բնութագրեց ու ասաց, որ ինքը երբեք կուսակցություն չի փոխել եւ չի փոխի:
“Նայեք իմ կենսագրությունը, ընդհանրապես, ես իմ բնավորությամբ կուսակցական էլ չեմ, ես ավելի հոգեւոր եմ, ավելի ազատ եմ, քան թե կուսակցական եմ, բայց ես կուսակցությունից կուսակցություն թռնող չեմ, ես միշտ թռցնող եմ, թռնող չեմ”:
Գյումրիի նախկին քաղաքապետը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ է զրահապատ մեքենայով շրջում: Վարդան Ղուկասյանի ճեպազրույցի մանրամասները` կից տեսանյութում: