Թիկունք ենք ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններ այցելության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Տավուշի մարզպետը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ հանձնաժողովի անդամները Նախագահին զեկուցել են հանձնաժողովի կողմից կատարված եւ դեռեւս ընթացքում գտնվող աշխատանքների, գույքագրված խնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների մասին:
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նշելով, որ մշտապես կարեւորել է աշխատանքը տեղերում, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն համայնքում ծանոթանալ եղած խնդիրներին եւ լուծումներ գտնել, ընդգծել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք:
«Մենք ավարտեցինք նախընտրական փուլը, ընտրությունները կայացան, եւ մենք ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն: Հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, եւ ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձեւ լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետեւ այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաեւ ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է եւ ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել:
Մեր կառավարությունն ամբողջովին պատրաստ է տեղերում գործնական աշխատանքի: Կցանկանայինք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ լինեն եւ ավելի իրատեսական:
Գիտեմ, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մեկ այլ տարածաշրջանում: Պաշտպանության նախարարն ինձ այդ մասին ասել է եւ ես վստահություն ունեմ, որ այս կառույցն իրականում կարող է օգտակար լինել»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների հետ նաեւ շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել մարտական պատրաստականությանը, զրուցել զինծառայողների հետ եւ նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այնուհետեւ Կողբ համայնքում ներկա է գտնվել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից հանրապետության մարզերում հիմնվող հերթական՝ «ԹՈՒՄՈ Կողբ» կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են «ԹՈՒՄՈ»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Յուքոմ» ընկերության եւ «Կողբ» հիմնադրամի, ինչպես նաեւ մարզի տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ:
Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, նորաբաց «ԹՈՒՄՈ» կենտրոն կհաճախի շուրջ հազար ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից եւ շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում կիրականացվի «ԹՈՒՄՈ»-ի հիմնական կրթական ծրագիրը: Նախատեսվում է նաեւ կենտրոնում անցկացնել «ԹՈՒՄՈ»-ի եւ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «ԹՈՒՄՈ-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարեւանությամբ գտնվող զորամասի զինվորներին։
«ԹՈՒՄՈ Կողբ»-ի շինհրապարակում ուղիղ տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի հիմնանորոգման մեկնարկի արարողությունը:
Նախագահը զրուցել է Կողբ համայնքի բնակիչների եւ ծրագրի հովանավորների հետ: Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է հարեւանությամբ գտնվող Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ծանոթացել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Յուքոմ»-ի նախաձեռնած՝ Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագրին, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ: Ինժեներական լաբորատորիաները, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձեւաչափով: Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստելու աշակերտների շրջանում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը:
ԻՏՁՄ-ի եւ «Յուքոմ» ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն, «Յուքոմ»-ը մեծածավալ ներդրումներ է կատարել նախագծի իրագործման նպատակով, ինչի շնորհիվ բազմաթիվ «Արմաթ» լաբորատորիաներ են ստեղծվել. հանրապետության ամբողջ տարածքում ներկայումս գործող 200 ռոբոտաշինության եւ ինժեներական լաբորատորիա-խմբակներում ներգրավված է շուրջ 4500 երեխա:
Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ:
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է: Նախագահը Նոյեմբերյանից մեկնել է Բերդի տարածաշրջան: