Վլադը հետևից խփում էր Վաչագանին.նոր մանրամասներ Մանսուրյան ընտանիքի կացնահարումից
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստը: Ցուցմունք տվեցին կացնահարված Մանսուրյաններին առաջին օգնությունը ցուցաբերած հարեւանները:
Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ 2016թ. հուլիսի 8-ի գիշերն ամուսնու հետ քնած է եղել, երբ ձայներից արթնացել է, ամուսինը շտապել է դուրս, ինքն էլ նրա հետեւից: Նրա խոսքով, դուռը բացել է եւ գետնին ընկած, արյան մեջ տեսել հարեւանուհուն` Կարինե Մանսուրյանին, մի քիչ հեռու Թագուհուն:
«Տեսա, որ օգնություն չեմ կարող ցույց տալ, երեխուն մեր տուն տարա, ղժժում էր: Միշտ իրենց տանը կռիվներ էին լինում, գիտեմ, որ երեխու տեսակցության պատճառով: Վլադիկն ասում էր` չեն թողնում, որ երեխուն տեսնի: Ինքը որ գալիս էր, սկսում էր գոռալ` երեխուս ուզում եմ տեսնել, իրիկունն էլ է եղել, ցերեկն էլ է եղել, որ եկել է երեխուն տեսնի, սկզբից թույլ տալիս էին , հետո արդեն` ոչ»,-պատմել է վկան:
Լիլիթ Հարությունյանի ամուսինը` Սարգիս Գրիգոյանն էլ պատմել է , որ հենց ինքն է Վլադիկ Մարտիրոսյանին բռնել եւ թույլ չի տվել, որ հարվածի Մանսուրյաններին:
«Դուռը բացեցի, տեսա, որ Կարինեն պառկած էր, Թագուհին հենված դռանը, Վաչագանն էլ գնում էր իրենց տուն, էդ ընթացքում, Վլադը հետեւից խփում էր Վաչագանին` ինչ-որ առարկայով: Հետո, որ լուսավորեցինք, տեսա, որ տապոռ էր: Ես չթողեցի, բռնեցի Վլադին, գրկեցի, որ իջեցնեմ ներքեւ` ձեռքից ինչ-որ առարկա ընկավ, պարզվեց տապոռ` էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին: