Կոկորդի քաղցկեղով հիվանդ մարդկանց 98 տոկոսը մոլի ծխողներ են. բժիշկ
«Ծխելը բժշկական տեսանկյունից հիվանդություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուռուցքաբան, բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը` անդրադառնալով ծխելու արգելքի մասին օրենքի արդյունավետության հավանականությանը և ակնկալվող արդյունքներին:
Բժիշկը նշել է, որ երկու ձեռքով կողմ է ցանկացած միջոցի, որը կարող է մարդկանց փրկել այդ չարիքից:
Բժշկի խոսքով՝ վաղուց ապացուցված է, որ ծխելուց մարդկանց մոտ կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ և հատկապես թոքի քաղցկեղ, հետևաբար առավելագույն խստություն պետք է դրսևորվի ծխելու վնասակար ազդեցությունից մարդկանց զերծ պահելու համար:
«Հայաստանի բնակչության մոտ 50 տոկոս տղամարդիկ ծխողներ են և տարեկան գրանցվում է թոքի քաղցկեղի միջինում 1400 նոր դեպք, որոնց 90 տոկոսը պայմանավորված է ծխելու հանգամանքով. «Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ նշյալ 90 տոկոս դեպքերից 80 տոկոս դեպքերում մարդիկ չեն առողջանում և մահանում են»,-նշել է Լևոն Բադալյանը:
Վիրաբույժ – ուռուցքաբան, Բ. գ. թ., «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արամ Բադալյանն իր հերթին անդրադառնալով թեմային` նշել է , որ ծխելու հետևանքով շատ է նաև կոկորդի քաղցկեղ ունեցողների թիվը:
«Կա այսպիսի մի վիճակագրություն, համաձայն որի կոկորդի քաղցկեղով հիվանդ մարդկանց 98 տոկոսը մոլի ծխողներ են, իսկ բերանի խոռոչի քաղցկեղ ունեցողների 60-70 տոկոսն է ծխող»,- փաստել է Արամ Բադալյանը: