Սերժ Սարգսյանը՝ վարչապետի հրաժարականի մասին լուրերից

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե վերջին շրջանում մամուլն անընդհատ գրում է, որ իր եւ վարչապետի միջեւ կա լարվածություն, նաեւ այն մասին, որ վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակվող լուրերն, իբր, գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք շատ լավ հասկանում ենք, եւ կուսակցության, եւ իշխանության մակարդակում, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչն է նրանց ցանկությունը: Բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանին, սակայն մերժում է ստացել: Նշվել էր նաեւ, որ ՀՀԿ-ում արդեն որոշել են, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: