Լուրջ սպառնալիք. Իրանում դա բաց տեքստով ասվել էր Վիգեն Սարգսյանին. 168 Ժամ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծիքով Արցախի վերաբերյալ ՀՀ-ի կողմից կոնկրետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ, ըստ նրա բավարար չեն: «Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են իրենց իսկ հռչակած քաղաքականությունն իրագործելու համար, այսինքն’ որ Արցախը պետք է լինի թե հակամարտության, թե կարգավորման կողմ: Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք թե՜ Հայաստանը, թե Սփյուռքը պետք է օգտագործեն»,- երեկ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց նա ընդգծելով, որ պետք է շարունակել պաշտպանության մակարդակի բարձրացումը:
Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի առաջնագծում եղած վիճակի տարբերությունը հսկայական է. «Ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ ամեն ինչ տեսել: Բավարա՞ր է դա, իհարկե բավարար չէ: Բառիս բուն իմաստով ամեն քառ.մետրը հիմա էլեկտրոնային հսկողության տակ է: Նախորդ տարվա ապրիլին կարող էինք միայն երագել այդ մասին»: Նա նշեց, որ արտաքին քաղաքական իրավիճակից պետք է օգուտ քաղել. «Պետք է կտրուկ քայլեր անել, այսինքն շատ ավելի ակտիվ մասնակցել բանակցային գործընթացին: Կարգավորումից շատ հեռու ենք, բայց դա նշանակում է, որ ավելի ակտիվ պետք է բանակցել:
Այսօր Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է: Ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել առանց կարգավիճակի հստակեցման: Որևէ ժամանակավոր փաստաթուղթ չի կարող աշխատել, որովհետև առանց կարգավիճակի հստակեցման ստատուս-քվոյի փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, շատ ավելի մեծ սպառնալիքների և վտանգների է բերելու:
Ասվում է, թե ոչ, բայց համանախագահող երկրներն էլ են կիսում այս դիրքորոշումը: Համենայնդեպս, ԱՄՆ-ը սրա մասին մի քանի անգամ հստակ հայտարարել է»: Նա նկատեց ՀՀ-ի դիրքորոշումը նշանակում է, որ պետք է խաղաղության պայմանագիր լինի, այլ ոչ թե միջանկյալ բանաձև. «Ես այդ դիրքորոշումը համարում եմ խիստ ռացիոնալ, աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում ոչ մի միջանկյալ փաստաթուղթ չի կարող գործել, որովհետև չկա երաշխավորը: Իրականում, Ադրբեջանն անընդհատ տորպեդահարում է բանակցությունները’ հաշվի առնելով ներքին իրավիճակը, որը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է»:
Նրա կարծիքով 2017թ. հունվար ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Իրան կատարած այցով ակնհայտ դարձավ, որ Արցախի հարցի շուրջ լուրջ խնդիրներ կան Իրանի և Իսրայելի միջև: «Դա բաց տեքստով ասվել էր ՀՀ պաշտպանության նախարարին, ու թեև այդ հակասությունների մասին վաղուց գիտեինք, բայց առաջին անգամ պաշտոնական մակարդակում հայտարարվեց այդ մասին: Մենք գիտենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինելը, առաջին հերթին, նպատակ է հետապնդում Իրանի համար հյուսիսում լրջագույն խնդիր ստեղծել: Պաշտոնական Թեհրանի բավական կոշտ արձագանքը նշանակում է, որ Իրանն առնվազն հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում և առաջին հերթին արցախյան հակամարտության գոտում լարվածության աճը բացառվի»,- նկատեց նա: Նրա խոսքով ՀՀ-Իրան համագործակցության առումով անվտանգության ոլորտում շատ մեծ պոտենցիալ կա. «Չնայած ԱՄՆ ներկայիս վարչակազմի Իրանի նկատմամբ շատ կոշտ դիրքորոշմանը, Հայաստանը պետք է ընդլայնի Իրանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում: Դա բավականին բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն ևս դրանում, մեղմ ասած շահագրգռված չէ: Բայց սա այն հնարավորությունն է, որը Հայաստանն իրավունք չունի բաց թողնել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: