Ուշագրավ զարգացում կուրսանտի սպանության գործով
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ: Հովիկ Արսենյանի նկատմամբ դատարանը դատական սանկցիա կիրառելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դատական նիստի ընթացքում առանց նախագահողի թույլտվության փաստաբանը նստած տեղից հայտարարություններ է արել:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, դատարանը վերջինին պարզաբանել է, որ նման վարքագիծը որակվում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, խոչընդոտ դատական նիստի համար, սակայն, պաշտպանը շարունակել է դրսևորել նույն վարքագիծը` նշելով «հա, ես միշտ էլ անհարգալից եմ»: Դրանից հետո դատարանը փորձել է ճշտել պաշտպանի խոսքերը, իսկ վերջինն այն վերահաստատել է` ասելով. «հա, մինչեւ դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ»:
Դատարանը նշված արտահայտությունները գնահատել է ոչ հարիր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի համար եւ որոշում կայացրել փաստաբան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել ՀՀ փաստաբանների պալատ:
«Դատարանը հարցը սարկազմով տվեց , ես էլ սարկազմով պատասխանեցի: Այդքան բան է եղել ընդամենը: Սրանից ավելի հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:
Դատական ընթացքը փաստաբանը գնահատում է նորմալ.«Նորմալ դատավարական պրոցես է»,-ասաց նա:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։
Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: