26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, կարեւորել է նորընտիր Ազգային ժողովում խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորումը եւ արդյունավետ աշխատանքը: Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Կարծում եմ` խորհրդարանական դիվանագիտությունն անկեղծություն է ենթադրում. այն դասական դիվանագիտություն չէ: Այսօր աշխարհը բարձր է գնահատում այն երկրները, որոնք ոչ թե խնդիրներ են ստեղծում աշխարհի համար, այլեւ իրենք զարգանալով` նպաստում են քաղաքակրթության, ժողովրդավարության զարգացմանը: Հայաստանը նույնպես ձգտում է ունենալ իր ներդրումը քաղաքակրթության առաջընթացի մեջ` առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով»:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային այդ հարցում ունեցած դիրքորոշման համար եւ փաստել, որ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում. հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` այսօր Հայաստանն օրինակելի է շատ երկրների համար` որպես անվտանգության երաշխիքներն ապահովող պետություն:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ՀՀ ԱԺ նախագահի հետ իր զրույցը սկսել է հայերենով եւ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը` դեսպանը նշել է, որ իր երկարամյա գործունեության ընթացքում չի հանդիպել ավելի ակտիվ, եռանդուն, անկեղծ բարեկամական խմբերի, ինչպիսիք են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավոեւված բարեկամական խմբերը: Ֆրանսիայի դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել առավել զարգացնելու եւ խորացնելու հարաբերությունները Ֆրանսիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ, միջազգային հարթակներում դյուրին դարձնելու հայ խորհրդարանականների շփումները: Նա նշել է, որ Հայաստանն իր զինանոցում ունի մի շարք հաղթաթղթեր` երկիրն առավել զարգացնելու համար:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն արդիականացնելու, առեւտրատնտեսական շփումներն ակտիվացնելու, Հայաստանում ֆրանկոֆոնիային նոր շունչ հաղորդելու կարեւորությունը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը եւ զարգացմանը, քաղաքական երկխոսության խորացմանը, ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող մի շարք հարցերի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ