Անժելայի “տղամարդու” դատավորը սեմինարի էր
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չկայացավ դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի գործով դռնփակ դատական նիստը հետաձգվեց:
Կարեն Արայանը մեղադրվում էր պոռնկագրական բնույթի լուսանկարները տարածելու, ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածի հատկանիշներով:
Ինչպես Henaran.am-ին ասաց Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը, նիստերի քարտուղարը հայտարարեց, որ դատավորը սեմինարի է:
Հիշեցնենք, որ գործը դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում է: Ըստ փաստաբանի, արդեն հարցաքննվել են վկաները, այժմ ապացույցների հետազոտման փուլն է:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, այս գործով կա գաղտնի վկա, որը դեռ դատարան չի ներկայացել: Մեր այն հարցին, թե ով է այդ վկան՝ փաստաբանն ասաց, որ ինքն էլ է այդ մասին առաջին անգամ մամուլից իմացել: “Բնականաբար, եթե անհրաժեշտություն լինի, վկային դատարանը լսելու է”,-ասաց նա:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 1-ին: