Օրը տոնական էր խորհրդարանի այգում
Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է:
Օրվա առթիվ հեքիաթի էր վերածվել նաեւ Ազգային ժողովի այգին: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Երեխաների դեմքին ժպիտ եւ ուրախություն էր, ամենուր խաղեր ու մրցույթներ էր կազմակերպված՝ կավճանկարչություն, ատրակցիոններ, տիրում էր համերգային տրամադրություն, հյուր էին եկել մուլտֆիլմերի սիրելի հերոսները, աճպարարներ, ծաղրածուներ, այգում կային նաեւ բատուտներ եւ գույնզգույն փուչիկներ: Օրվա հերոսների բարձր տրամադրությունը բազմապատկում էր տոնական գնացքով զբոսնող մանուկների ուրախ ծիծաղը: Երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում:
Միջոցառման ընթացքում մանուկներին ողջունել եւ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Մեր նպատակն այն է, որ երեխաները լինեն առողջ ու երջանիկ եւ ունենան ապահով ու բարեկեցիկ ապագա»,- նշել է խորհրդարանի ղեկավարը եւ առանձնակի կարեւորել երեխաների իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ ԱԺ նախագահն իրեն հատուկ անմիջականությամբ զրուցել ու լուսանկարվել է մանուկների հետ: