«Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ»
Սիրելի՛ երեխաներ,
աշխարհն այսօր նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը մեզանում իրավամբ վերածվել է բացառապես մանուկների տոնի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, իմ փոքրիկ բարեկամներ:
Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով, որ դուք ստանաք լավ կրթություն և իրականություն դարձնեք թե՛ ձեր երազանքները և թե՛ արդարացնեք ձեր ծնողների ու մեր բոլորի հույսերը, որ կապում ենք ձե՛զ հետ:
Սիրելի՛ երեխաներ,
վստա՛հ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որ ձեր առօրյան լինի առավել հետաքրքիր, ձեզ շրջապատող միջավայրը՝ հարմարավետ ու գեղեցիկ, ինչն, անշուշտ, կարևոր պայման է ապագա քաղաքացու ձևավորման գործում: Ես համոզվա՛ծ եմ, որ բոլորդ էլ իսկապես շատ եք սիրում մեր Երևանը, և ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր մեծ տանը վերաբերվի մեծի, տանտիրոջ հոգատարությամբ և սրտացավությամբ, քանի որ այն հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:
Անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ: Եղեք առողջ ու երջանիկ:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ