«Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի»
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի՛ երեխաներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:
Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: Յուրաքանչյուրիդ մեջ երազելու բնական մղում կա, մենք պիտի աջակցենք, որ երազանքը դառնա իրականություն: Պետք է ամեն ինչ անել, որ մանկության յուրաքանչյուր օրը ձեր մեջ թողնի հաճելի հիշողություն, որ ձեր երջանկությունը սահմաններ չճանաչի:
Ամեն երեխա, անկախ գտնվելու վայրից, անկախ սոցիալական կամ ֆիզիկական վիճակից, երբեք չպետք է ընտանեկան ջերմության ու հոգատարության պակաս զգա, անտեսվածության ու մոռացվածության զգացում ունենա, չպետք է հուսալքվի կամ կորցնի հավատն ու վստահությունը ապագայի, առավել եւս կյանքի հանդեպ, պիտի տեսնի, որ իր իրավունքները պաշտպանված են:
Ծնողական գուրգուրանքն ու սերն առանձնահատուկ ուշադրության, աջակցության տեսքով մշտապես պետք է ներկա լինեն այնտեղ, որտեղ դրա կարիքն ավելի շատ է զգացվում: Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ը հենց հունիսի 1-ը հռչակել է Ծնողների համաշխարհային օր:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ երեխաներ, առողջ ու խաղաղ մանկություն, երջանկություն ու հաջողություն կյանքի բոլոր փուլերում:
Թող յուրաքանչյուրդ լինեք ոչ միայն ձեր ծնողների, այլեւ մեր երկրի ու ժողովրդի հպարտությունը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում: