Ովքեր են ազատվելու իրենց պաշտոններից. Հրապարակ
Երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել Երեւանի ավագանու անդամների ցուցակից: Ըստ այդմ կարելի է հասկանալ, թե ովքեր կպահեն իրենց պաշտոնները, խոսքը թե քաղաքապետարանի աշխատակիցների, թե վարչական շրջանների ղեկավարների մասին է: Այսպես, մշակութային ոլորտի ներկայացուցիչներից ինքնաբացարկի դիմում է գրել նախընտրական շրջանում աղմկահարույց հարցազրույցներ տված դերասան Միքայել Պողոսյանը: Նա, հիշեցնենք, հայտարարել էր, որ առանց իր իմացության են ընդգրկել ՀՀԿ ցուցակում:
Քաղաքապետի տեղակալներից դիմումներ են գրել Արամ Սուքիասյանը, Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը, բաժնի պետերից՝ Հրայր Անտոնյանը, տնօրեններից՝ Անուշ Նավասարդյանը, Նարգիզ Զեյնալյանը եւ այլք: Վարչական շրջանների ղեկավարներից՝ Արտավագդ Սարգսյանը, Ռուսլան Բաղդասարյանը, Մանվել Ջավադյանը, Դավիթ Գրիգորյանը, Արա Սադոյանը, Արտակ Ալեքսանյանը, Արմեն Ուլիխանյւսնը, Վաղինակ Մկրտչյանը, Արտակ Հանիսյանը, Արթուր Կիրակոսյանը, Արմեն Սարգսյանը:
Փաստորեն, բոլոր վարչական շրջանների ղեկավարներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք կվերանշանակվեն իրենց պաշտոններում: Միայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը՝ հայտնի Լիդերը չկա այս ցանկում, քանի որ նա նշանակված է ՀՅԴ-ի հետ կոալիցիայի արդյունքում եւ չէր կարող լինել ՀՀԿ ցուցակում:
Այժմ միակ ինտրիգը մնում է նրա հետագա պաշտոնավարման շուրջ՝ կշարունակի աշխատել, թե ոչ՝ հատկապես, որ լուրեր են շրջանառվում, թե նրան հնարավոր է այլ տեղ պաշտոն տան, եւ Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը վերադառնա այդ պաշտոնին: Չպետք է բացառել նաեւ, որ այս ղեկավարներից որեւէ մեկը հնարավոր է ընդհանրապես դուրս մնա թե թաղապետի պաշտոնից, թե ավագանուց, եթե ընտրություններին վատ է աշխատել:
Լուսանցքում մնալու հավակնորդը Քանաթեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն է, ով խորհրդարանական ընտրություններին աշխատեց Տարոն Մարգարյանի աներձագի մրցակցի՝ Միհրան Պողոսյանի օգտին, իսկ ավագանու ընտրություններին էլ շատ ջանք չթափեց Երեւանի քաղաքապետին ձայն բերելու համար: Այստեղ բավականին շատ ձայներ էին ստացել «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւ «Ելք» դաշինքը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: