«Հայրապետյան ընտանիքը ոչ մի դրամ չի ստացել Փյունիկի վաճառքից»
Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին:
«Վերջին 10 տարվա մեջ ես անընդհատ ասում եմ, որ եթե կլինի մեկը, որը կհովանավորի «Փյունիկը», ես պատրաստ կլինեմ առանց կոպեկի ակումբը հանձնել այդ մարդուն: Սողոմոնյանն ինձ մոտ հավատ ներշնչեց և ես վստահեցի նրան: «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի համար արժեք է, և ես հանձինս նրա, հասկացա, որ նա իրոք այն մարդն է, որը կպահպանի և կպահի այդ արժեքը:
Ես միշտ դեմ եմ եղել, որ ֆեդերացիայի նախագահը կամ նրա տղան, սեփականաշնորհեն «Փյունիկը»: Ակումբը չի վաճառվել, և ոչ մի դրամ Հայրապետյան ընտանիքը չի ստացել: Մանկապատանեկան թիմերն ու ակումբը հանձնվել է Սողոմոնյանին, բայց գույքը մեր ընտանիքի սեփականությունն է: Այն անվճար հանձնելու ենք օգտագործման, բայց սեփականությունը լինելու է մերը: Ակումբը ոչ թե վաճառվել է, պարզապես ֆուտբոլիստներով և մանկապատանեկան թիմերով փոխանցվել է մեկ այլ մարդու»:
– Տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հրաժարական եք տալու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
– Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, և միայն ես եմ այդ պաշտոնում:
– Սողոմոնյանը դիտարկում է նաև ակումբի անվանափոխության տարբերակը: Անձամբ Դուք այդ փաստն ինչպե՞ս եք ընդունում:
– Սեփականատերն ինքն է, կուզի կփոխի, կուզի` ոչ: Նա ցանկանում է հանրային քննարկման դնել: Նորմալ է:
-Առաջնությունն ավարտվում է: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում ընթացիկ մրցաշրջանում:
– Փոփոխություն չեմ նկատում: Միայն բացասականը: Եկող առաջնությունից մենք մեծ թվով փոփոխություններ կունենանք, առաջնությունը կուժեղանա: Եկող տարի ավելի հետաքրքիր կլինի: Երկու թիմով կավելանա Բարձրագույն խմբի առաջնության թիմերի քանակը 2018 թվականից: Այդ ժամանակ կլինի առաջընթաց: Հիմա միայն հետընթաց ենք ապրում: Ցավալի է, բայց` փաստ:
– Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Այդ մասին ի՞նչ կասեք:
– Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել: Նա մեր ազգինն է: Հպարտ եմ, որ մեր ազգից մեկը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Ուրախալի է, որ մենք ունենք նման մարզիկ: Հուսանք` այս տարի նա լավագույն մարզիկների թվում կլինի:
– «Փյունիկի» նոր ձևավորվող անձնակազմում շոշափվում են անուններ, որոնք ժամանակից Ձեր կողմից հեռացվել են հայկական ֆուտբոլից, մասնավորապես Արարատ Ճաղարյանի անունը:
– Քանի ես ֆեդերացիայում եմ, Ճաղարյանը «Փյունիկում» էլ, ակումբի դարպասների մոտ էլ չեմ թողնի հայտնվի:
նյութի աղբյուր՝ armsport.am