Ինչպե՞ս պիտի զգանք Աստծո ներկայությունը մեր մեջ
«Մեզանից քանի՞սն են զգացել իրենց մեջ Աստծու ներկայությունը» կամ «Ինչպե՞ս պիտի զգանք Նրա ներկայությունը մեր մեջ»: Երիտասարդ տարիքում, երբ ֆիզիկապես ուժեղ ենք, երբեք չենք մտածում, թե մի օր հանկարծ կարող ենք չլինել: Շարունակում ենք մեր կերուխումներով լի կյանքը: Այսօր, կարծես թե մարդկանց մեջ մի մեծ պայքար կա ունենալու ամեն ինչ, հասնելու նույնիսկ անկարելիին, նյութական հզորության, խելակորույս մի պայքար, որտեղ բնական է շատ սխալներ են գործվում:
Նյութական պայքարի մեջ մտնելով մարդիկ մոռանում են Աստծու գոյության մասին. դրամը, նյութը դառնում է նրանց աստվածը: Ավաղ, սա է իրականությունը: Երբ փորձում ես նրանց հիշեցնել, եկեղեցու, աղոթքի, հավատի, հոգևոր կյանքի մասին, ծիծաղելով ասում են.
«Տեր Հայր ջան, դրանցով փոր չի կշտանա»: Երբ կանգնում ենք մահվան շեմին՝ հիվանդության, նեղության ու դժվարության պահին, նոր ենք անդրադառնում, թե ի՞նչ ենք կորցրել «երկրպագելով» նյութին ու դրամին: Բայց … արդեն ուշ է լինում: Աստված մեզ հաշվետվության կանչելու ժամանակ պիտի հարցնի.
«Տվեք ձեր կյանքի հաշիվը, թե ի՞նչ եք արել երկրի վրա», այն ժամանակ ի՞նչ պիտի պատասխանենք: Մտածենք այս մասին ու զգաստանանք և մաքրված ու ազնիվ ճանապարհով շարունակենք ապրել մեզ տրված կյանքի ժամանակը:
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի քարոզից