25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրո դոնոր եղեք, մարդիկ

Վեց տարեկանում ինձ ախտորոշեցին սուր լեյկոզ: Եթե հիմա գրում եմ այս տողերը, ուրեմն ողջ եմ: Բայց չէ, քաղցկեղը հաղթահարողներից չեմ. այդքան ուժեղ չեմ: Ճակատագիրն ինձ համար այլ ուղի էր պահել:

Հիշում եմ՝ ամիսներով հիվանդանոցում էինք՝ ես ու մայրս: Բարեկամությունը մեկ մարդու պես մեզ այցելության էր գալիս, ինձ անգույն բորշչ էին բերում: Իմ մանկական հիշողություններում, բացի մանկության ընկերուհուս հետ թթի ծառ բարձրանալուց ու շքամուտքում պոմիդորով, պանրով «ճաշ» եփելուց, Համբարձման տոնին պարտադիր «Ջանգյուլում» խաղալուց, նաև հիվանդանոցային որոշ դրվագներ են տպավորվել: Հուշերս ամբողջացել են այդ թեմայով ոչ հաճախ խոսող մայրիկիս որոշ պատմություններով միայն, այն էլ երբ ես եմ հարցերով փորձել քրքրել նրա հիշողությունների գզրոցը: Ասում է՝ լացկան չեմ եղել, ավելին, երբ ինձ տանջել են անվերջանալի անալիզներով ու ներարկումներով, հավանաբար տեսնելով մայրիկիս տառապանքները, լացել եմ թե՝ մամայիս մի տանջեք… Մի քանի տարի…

Ինչ են մտածել հայրենական բժիշկները մի քանի տարի չհերքելով այդ ախտորոշումը, չգիտեմ, չեմ էլ ուզում խորանալ, վերլուծել, համադրել, մեղադրել: Հետ չեմ բերելու ծնողներիս անցկացրած անթիվ անքուն գիշերները: Նրանց հանդեպ անսահման սիրով ու հարգանքով հանդերձ ոչ մի անգամ հատուկ չեմ ասել՝ շնորհակալ եմ:

Տասնչորս տարեկանում արդեն ԱՄՆ-ում էինք՝ ես ու մայրս: Մորաքույրս էր մեզ հյուրընկալել: Գլենդելի հայկական համայնքի մեր բազմաթիվ բարեկամները էլի մեկ մարդ էին դարձել: Նրանք մեզ հետ էին հիվանդանոցային-անալիզային անվերջանալի պրոցեսներում: Նրանց էլ շնորհակալություն դեռ հատուկ չեմ ասել. կհասցնեմ երևի:

Ամերիկացի բժիշկներին բարդ առաքելություն էր վերապահված: Իրենց «ուղարկված» հիվանդին ութ տարի արյուն էին փոխներարկել: Ութ ամիս էլ իրենք տարան-բերեցին. գլուխ չէին հանում կամ ուզում էին մաքսիմում համոզվել, չէին կարող երկրորդ անգամ ծնողին սխալ ախտորոշում ասել:

Իմ վերջնական ախտորոշումը ճշգրտորեն տվեց մի հրեա բժիշկ: Անուն-ազգանունն անգիր եմ հիշում՝ Լիզա Գուդմանն էր՝ երիտասարդ, վառ, էներգիայով լեցուն: Հավատացած էի՝ նրա ազգանունը մեծ դեր ուներ նրա այդպիսին լինելու հարցում: Արդեն մոտ 20 տարի անց փնտրեցի համացանցում ու նրան գտա՝ ամերիկյան կլինիկաներից մեկում հաջողված բժիշկ է: Ծննդյան թիվն ինձ հուշեց, որ երբ նա ինձ բուժում էր, այն տարիքին էր, ինչ ես հիմա այս տողերը գրելիս: Ինձ բուժեցին… այն չէր, ինչ ախտորոշել էին վեց տարեկանում:

Լիզան իմ տարիքում մարդու կյանք փրկեց: Երանի ես էլ կարողանայի: Շատ եմ ցանկացել արյան դոնոր լինել, սակայն չեմ կարող՝ հաշվի առնելով տարած վիրահատությունս: Հայրս ինձ համար արյուն էր տալիս: Հատուկ շնորհակալություն էլ չեմ ասել…

Հաճախ եմ մտքեր ունենում, որ եթե ինձ համար այս ուղին էր վերապահված, ուրեմն մի բան ունեմ այս աշխարհին դեռ տալու: Եթե էլ ոչինչ չհասցնեմ, չգիտեմ՝ կընդունվի՞ գոնե այն, որ որդի եմ լույս աշխարհ բերել: Գուցե մարդկությանը մի կյանքի պատմություն թողնեմ կոչով՝

Դոնոր եղեք, մարդիկ` արյան, սիրո, բարի գործի դոնոր:

Նարինե Նազարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ