Գեւորգ Կոստանյանին հիշեցրին բանակին մատակարարված գոմեշի միսը
ՀՀ գլխավոր դատախազի թեկանծու Գևորգ Կոստանյանին Ազգային ժողովում հարց ուղղեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հարցը վերաբերում էր մի քանի զորամասներում տավարի մսի փոխարեն մատակարարված գոմեշի մսին և “մեղավորներից մեկի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի ուշ հարցաքննությանը.
՛՛Ի՞նչով էր պայմանավորված ձեր՝ այսպես ասած՝ մեղմ վերաբերմունքը Փայտյանի հանդեպ՛՛,-հարցրեց պատգամավորը:
՛՛Գոմեշի մսի բացահայտումը սովորական դասական խարդախություն է, ոչ թե գոմեշի մսի մատակարարումն է մեծ իրադարձություն, այլ ընդամենը, որ տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս:
Խնդիրը ոչ թե գոմեշի մսի մատակարարման մեջ է, այլ տավարի մսի արժեքի դիմաց մատակարարվել է ավելի ցածր արժեքով գոմեշի միս՛՛,-պարզաբանեց գործող զինդատախազ Կոստանյանը:
Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, ապա Կոստանյանը նշեց, որ դրանք բավական բարդ են ապացուցողական տեսակետից: Փայտյանը ուշ է հարցաքննվել, քանի որ միայն հուլիս օգոստոս ամիսներին է ձեռք բերվել բավարար բազա: Նույնը վերաբերում է նաև Օհանջանյանին:
՛՛ Դա շատ բարդ գործերից մեկն է, և քննությունը դեռևս շարունակվում է՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այս գործում մեղավոր ցանկացած անձ պատասխանատվության ենթարկվելու է: