Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա…Մանվել Գրիգորյան
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին Երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ:
Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը` Արցախը Մայր Հայրենիքի հետ կապող միջանցքը, որ իրավամբ կոչվեց կյանքի ճանապարհ:
Բերձորի ազատագրմամբ կյանքի կոչվեց հայ ժողովրդի երկու հատվածների երազանքը, իրականություն դարձավ բաղձալի միացումը, որն ազգային ազատագրական նոր պայքարի կարգախոսն էր ու հայության արյան կանչը:
Հայաստանն ու Արցախը միացան: Հայ կամավորականները, երկրապահներն իրականացրին հայ ժողովրդի երազանքներից մեկը: Այդ երազանքի իրականացման համար բազում խիզախ հայորդիք նահատակվեցին:
Փա´ռք Հայաստանի ու Արցախի անկախության և ազատագրման համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Բերձորի միջնակարգ դպրոցն անվանակակոչված է «Մալաթիա» երկրապահ կամավորական ջոկատի հիմադիր, հրամատար, ԵԿՄ բարձրագույն պարգև
«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ Վահան Զատիկյանի անունով: Դպրոցամերձ հատվածում էլ հպարտորեն կանգնած է Վահան Զատիկյանի կիսանդրին, իսկ դպրոցում նոր վահաններ են դաստիարակվում` հայրենասերների նոր սերունդ: Բերձորում Երկրապահը հուշարձանների պուրակ է հիմնել, ուր կան թե՛ հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, թե՛ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձաններ, նաեւ՝ Ջուղայի խաչքարի կրկնօրինակներից:
Փա´ռք նաև բոլոր նրանց, ովքեր այսօր ապրում են ազատագրված հայրենիքում, շենացնում են այն ու դրանով իրականություն դարձնում մեր ու մեր զոհված մարտական ընկերների երազանքը:
Հարգելի´ բերձորցիներ,
Արցախի սիրելի´ ժողովուրդ.
Անցած 20-25 տարում, մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հայությունը գոյատեւել է միայն Արցախի, Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի միասնությամբ եւ մեր բոլոր խնդիրները լուծվելու են միասնական ջանքերով: Մենք բոլորս`Երևանում, Ստեփանակերտում, Էջմիածնում, Տավուշում թե Բերձորում երկրապահ ենք, ու շենացնելու ենք մեր ազատագրված հայրենիքը, մենք հզորացնում ենք Երևանը,Ստեփանակերտը, հզորացնում ենք աշխարհասփյուռ հայությանը:
Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա Հայաստանի ու Արցախի շունչը:
Եվս անգամ երկրապահի օրվա , մայիսյան բոլոր տոների և Բերձորի ազատագրման օրվա առթիվ շնորհավորում եմ ողջ հայությանն ու մաղթում խաղաղություն:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան