Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ
Հայաստանում մեկնարկել է վերականգնվող էներգիայի հեռանկարներին նվիրված մեկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ԱՄՆ դեսպանատունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ համատեղ:
Համաժողովի ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ Հայաստանը եւ նրա էներգետիկ համակարգը վերջին 25 տարում մեծ աճ են գրանցել: Նա նշել է, որ Հայաստանում այսօր կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է՝ հայաստանյան շուկան ընդլայնվում է և տարածաշրջանային նախագծերում կարող է ներգրավվել։
«Երբ ես մտածում եմ ոլորտի առաջիկա 25 տարվա մասին, մեծ ոգեւորություն եմ ապրում, քանի որ գիտեմ, այդ զարգացումները այսօր եւ այստեղ ձեւավորվող գործընկերությունների արդյունքն են լինելու: Ձեզնից շատերը կհիշեն, որ Հայաստանում անկախության առաջին տարիներին էներգետիկ իրավիճակը շատ անկայուն էր, հոսանքի անջատումները հաճախակի բնույթ ունեին: Իրական ճգնաժամ էր, բայց Հայաստանը մթության առաջ տեղի չտվեց, այլ գործընկերների օգնությամբ կարողացավ դառնալ մի երկիր, որն ի վիճակի է հոգալու սեփական կարիքները եւ դեռ ավելին, արտահանելու էլեկտրաէներգիայի ավելցուկը»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների գործարարների կողմից կարող է հետաքրքրություն լինել էներգետիկ ոլորտի նկատմամբ, ինչը երկկողմանի շահավետ կարող է լինել եւ հայկական, եւ ամերիկյան կողմի համար:
«Արդյունքների մասին երաշխիքներ տալ չեմ կարող, մեր աշխատանքն է մեկ հարկի տակ ներգրավվել երկու կողմերի գործարարներին: Այսօրվա համաժողովն էլ նման մի քայլ է։ Դա Հայաստանի գործարարների, կառավարության խնդիրն է, որ ձևավորեն, ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանը ամերիկյան ներդրողների համար, և առավելապես կարևոր է, որ կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար»,- ասաց նա: