Այսուհետ որեւէ արտոնյալ բուժհիմնարկ ու տնօրեն չի լինելու.Դերենիկ Դումանյան
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախորդ տարվա պետբյուջեի կատարման հաշվետվությունն ուսումնասիրելիս, որոշ վերլուծություններ է արել: Այս մասին այսօր ԱԺ համապատասխան հանձնաժողովում ներկայացնելով 2011թ պետբյուջեի կատարողականը, նշեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նկատենք, որ Դերենիկն Դումանյանը ոլորտի պատասխանատվությունն ստանձնել է մոտ երեք ամիս առաջ, իսկ ներկայացվող հաշվետվությունը վերաբերվում է ԲՀԿ-ական նախկին նախարար Հարություն Քուշկյանի պաշտոնավարման ժամանակահատվածին:
Անդրադառնալով հիվանդանոցային սպասարկման ոլորտին, Դերենիկ Դումանյանն ասաց, որ հիվանդանոցային սպասարկման նպատակով պետբյուջեի 4 մլրդ դրամից մարզերին տրամադրվել է միայն 1 մլրդ 100 մլն-ը: Նախարարի խոսքով, սա է պատճառը, որ մարզային հիվանդանոցները բարվոք վիճակում չեն, իսկ մայրաքաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են:
Նախարարը նշեց, որ մարզերում թերբեռնվածությունը բերել հանգեցրել է որակյալ մասնագետների պակասի: Դերենիկ Դումանյանը որպես օրինակ նշեց Բերդ քաղաքը, որտեղ ընդամենը մեկ գինեկոլոգ կա, իսկ Վայքում միայն մեկ անեսթեզիոլոգ, այն պարագայում, երբ առողջապահության նախարարությունը մարզերում 12 նոր հիվանդանոցներ է կառուցել:
Անդրադառնալով դեղերի շրջանառության ոլորտի խնդիրներին, Դումանյանը նշեց, որ դաշտը նախարարության վերահսկողության տակ է, Հայաստան ներկրվող դեղերն ստուգվում եւ դրանց պիտանելիությունը հաստատվում է հենց սահմանին, բայց դեպքեր կան, երբ դրանք Հայաստան են ներմուծվում, այսպես կոչված, պայուսակային ճանապարհով, որը դեռ անվերահսկելի է:
Դերենիկ Դումանյանի խոսքով, ոլորտում օրենսդրական փոփոխությունների կարիք կա: Մինչեւ հոկտեմբերի վերջը առողջապահության նախարարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որը շատ հարցերի լուծման մեխանիզմներ կստեղծի: Առողջապահության նախարարից ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է նախարարը պայքարելու այն արատավոր երեւույթի դեմ, երբ հիվանդը, հիվանդանոցում դեղերի խնդրի առջեւ է կանգնում:
‘Ես մի արատավոր ուղի էլ կհավելեմ` բժիշկ-լաբորատորիա-դեղատուն շղթան”,-նկատեց նախարարն ու նշեց, որ շատ բժիշկներ հիվանդին ուղղորդում են լաբորատորիա , այնտեղից` դեղատուն եւ, բնականաբար, աշխատում են հետվճարով:
Առողջապահության նախարարը բնակչությանը կոչ արեց չհետեւել նման բժիշկ- շառլատանների ուղորդումներին: “Նման դեպքեր հայտնաբերելու դեպքում ես ինքս եմ դիմելու դատարան, որեւէ արտոնյալ բուժհիմնարկ եւ բուժհիմնարկի արտոնյալ տնօրեն այսուհետ չի լինելու”,-հայտարարեց նորանշանակ նախարարը: