Միևնույն է` Իրանը չի դավաճանի իսլամական Թուրքիային
«Հասան Ռոհանին, մեծ հաշվով, չի կարողացել իրականացնել խոստումները՝ կրճատել գործազրկության մակարդակը, չի կատարել նաև բնապահպանական, Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ խոստումները: Այս առումով նա հայտնվել է բավական ծանր վիճակում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Եթե մի քանի ամիս առաջ շատերը կարծում էին, որ արժանի մրցակից չունենալու պատճառով Ռոհանին հեշտորեն վերընտրվելու է, ապա այժմ այդ առումով լուրջ կասկածներ կան: Պահպանողականները կարողացան համախմբվել ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսիի հետ, և նախընտրական քարոզարշավը խոսում է այն մասին, որ վերջինս ստանալու է զգալի թվով քվեներ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների վրա ունենալիք ազդեցությանն, ապա Արտյոմ Տոնոյանն ընդգծեց. «Թեկնածուներից ով էլ Իրանի նախագահ ընտրվի, Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ: Բացասական փոփոխություններ երկկողմ հարաբերություններում չեն լինելու»:
Հարցին, թե հավանական է, որ Իրանն առաջիկայում պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իրանագետը պատասխանեց, որ հավանականությունը շատ փոքր է: «Որքան էլ Իրանը Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենա, միևնույնն է` չի դավաճանի իսլամական Թուրքիային»: