«Դուք ձեր աշխատանքում կիրառում եք ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները»
ԱՄՆ պետքարտուղարության Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի շուրջ 450 հայաստանյան շրջանավարտներին ողջունելով ԱՄՆ դեսպանատանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ մեծ պատիվ է լինել ակտիվ քաղաքացիների նման պատկառելի խմբի շրջապատում:
«Երբ այս սրահում շուրջս եմ նայում, ուղղակի աչք է շոյում, որ այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ, տարբեր ոլորտների ու բնագավառների այսքան շատ նվիրյալ մասնագետներ, ովքեր լծված են Հայաստանի ամուր ու կենսունակ ապագայի կերտման գործին: Որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ ինձ համար հաճելի է իմանալ, որ Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի միջոցով ԱՄՆ պետքարտուղարությունը կարողացել է ինչ-որ չափով օգնել ձեզ հասնելու այն ամենին, ինչ դուք ունեք», – երեքշաբթի օրը, մայիսի 16-ին ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ շրջանավարտներին դիմելով ասաց դեսպան Միլսը:
Էդմունդ Մասքիի կրթաթոշակային ծրագիրն ակադեմիական կրթության ու մասնագիտական կատարելագործման հնարավորություն էր ընձեռում մասնակիցներին՝ շեշտադրելով միջմշակութային փոխըմբռնումը ու մասնակիցների առաջնորդման հմտությունների զարգացումը՝ ուսումնառության ու ուսումնական պրակտիկաների միջոցով: Մասնագիտական կատարելագործումից զատ, Մասքիի ծրագիրը մասնակիցներին օգնում էր իրացնել առաջնորդման իրենց հմտությունները և դիտարկել այն ուղիներն ու միջոցները, որոնց օգնությամբ նրանք նոր գաղափարներն ու կոնցեպտները կկարողանային կյանքի կոչել Հայաստանում:
Թեպետ Մասքիի ծրագիրը, որի ընձեռած հնարավորություններից օգտվել է Հայաստանի 450 քաղաքացիներ, այլևս չի գործում, սակայն շրջանավարտները դեռևս մնում են հայաստանյան հասարակության կարևոր մասնիկը՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ կառավարությունում, առաջատար ընկերություններում և առաջ մղելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են բնապահպանության և հանրային առողջապահության հետ կապված հարցերը:
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի համատեքստում դեսպան Միլսը նաև կարևորեց շրջանավարտների դերը երկու երկրների միջև գործակցության ամրապնդման հարցում:
«Կարծում եմ, որ փոխանակման բազմաթիվ ծրագրերը (Մասքին այդ ծրագրերից մեկն է), որոնց ներքո Հայաստանից մասնակիցներ են մեկնում ԱՄՆ ուսումնառության, պրակտիկայի կամ մշակութային փոխանակման նպատակով և ծրագրերը, որոնց ներքո ամերիկացիներ են ժամանում Հայաստան, վառ ու ցայտուն կերպով ցույց են տալիս այս 25 տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորված ամուր ու ջերմ հարաբերությունները: Դուք ձեր աշխատանքում կիրառում եք ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի օգնեք ձեր հայրենի երկրին, ու անձնական օրինակով ցույց եք տալիս, թե որքան արժեքավոր է եղել մեր 25-ամյա գործընկերությունը», – ասաց դեսպան Միլսը: