Քիչ մասնակցությունը պարտությունից փրկեց
Աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` երևանյան ընտրությունների հիմնական հետևանքն այն է, որ Երևանի ընտրողն առանձնապես արձագանք չի տվել այն քարոզչությանը, որ արվել է քաղաքական ուժերի կողմից: «Հենց դրանով էլ պայմանավորված է այդքան քիչ մասնակցությունն, ու այն, որ ընդդիմության հավաքած ցուցանիշներն էլ քանակական առումով պայծառ չէին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Աստվածաբանը գտնում է, որ եթե շատ մասնակցություն լիներ, եթե Երևանի հիմնական ընտրողը գնար ընտրության, ապա այն թիվը, որ հավաքել են քաղաքական ուժերը, նույնիսկ կարող էր լինել նաև պարտության թիվ:
«Ես չեմ կարծում, որ «Ելքի» ազդեցությունն ավելի ուժեղացել է, եթե նրանք 1000 ձայն ավել են հավաքել, չենք կարող խոսել վերելքից»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանիին», ապա Վարդան Խաչատրյանը շեշտեց, որ որպես ստարտ, լավ արդյունք է սա: Իսկ մյուս քաղաքական ուժերն էլ, որ ոչ խորհրդարանում, ոչ տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցիչներ չունեն, ըստ մեր զրուցակցի պիտի ավելի կազմակերպված լինեն.
«Քաղաքական ուժերի լիգա պետք է հիմնեն, որովհետև առանձին վերցրած քաղաքական ուժերի կազմակերպվածություն այնպես չէ, որ շանսեր թողնի քաղաքականության մեջ հաջողություններ ունենալու»,-եզրափակեց նա: