Զինվորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21:25-ին ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքում արձանագրվել է շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանի կենսաբանական մահը: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, 24.09.2012թ., ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող “ԳԱԶ 33081” մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ: Շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, 25.09.2012թ., ժամը 00:20-ին “Արմենիա” ԲԿ-ում մահացել է:
Մերի Սարգսյանը ավելացրեց, որ մյուս տուժածների՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի կյանքին վտանգ չի սպառնում: