Ավտոմեքենայից գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել /ֆոտո/
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 18:20-18։50-ի սահմաններում, Երևանի կենտրոնում կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել են անձնագիր, կանխիկ գումար, հարդարանքի պարագաներ, բանկային քարտեր։ Գողացված քարտով նույն օրը բանկոմատից գումար է կանխիկացվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է միջին տարիքի տղամարդը բանկոմատից գումար կանխիկացնում՝ գողացված բանկային քարտով:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: