Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը այցելել է Հայաստան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով ս.թ. սեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում գեներալ Կոստարակոսին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց գեներել-գնդապետ Յու.Խաչատուրովի և գեներալ Կոստարակոսի միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով ՀՀ ԶՈՒ ԳՇ և ՀԱՊԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Պաշտոնական հանդիպումների և տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և ՀԱՊԳՇ արտաքին հարաբերությունների դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Ալեքսանդրոս Դիակոպուլոսի կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը, որում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի դասընթացներ, անհատական և ստորաբաժանումների կազմով վարժանքներ և փորձի փոխանակման միջոցառումներ Հունաստանում և Հայաստանում:
Այցի ավարտին գեներալ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: