Ինչպես խոսել Աստծո հետ
Երբ ընթերցում ես Սուրբ Գիրքը, Աստված է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում ես, դու ես խոսում Աստծո հետ, ըստ այն խոսքի, թե` «Ես աղոթում եմ Աստծուն կյանքի համար» (Սաղմ. ԽԱ 9)» եւ «Աստված խոնարհեցնում է Իր ականջը` լսելու աղոթողի ձայնը» (Սաղմ. ԺԶ 6, Լ 3): Աղոթքի գործը կարող է կատարվել ամեն ժամ՝ գիշեր թե ցերեկ, տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, առողջության, հիվանդության, մանկության, ծերության ժամանակ, ամռանը թե ձմռանը, մշտապես:
Աղոթելիս պետք է ծնկի իջնել, որովհետեւ ծնկի իջնելը փոքրացնում է մարդու անձը: Հոգին ու մարմինը միաժամանակ պետք է խոնարհեցնել Աստծո օրենքների լծի տակ եւ չխոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Հոգեւոր խնդրանքներ անելիս պետք է ծնկի իջնենք երկնավոր Թագավորի առջեւ, որպեսզի ստանանք, ինչ խնդրում ենք: Ընկած տեղից կանգնողը նախ ծնկներին է ելնում եւ ապա կանգնում, այդպես էլ մենք, որ ընկել ենք` սկզբնական ու ներգործական մեղքով կործանվելով, ծնկաչոք աղոթքով ենք բարձրանում մեղքերով գլորումից` ասելով. «Տե՛ր, բանտից հանի՛ր ինձ»(Սաղմ. ՃԽԱ 8):
Որովհետեւ նախաստեղծները ոտքով գնացին դեպի ծառը եւ հանցանք գործեցին, ծնկի իջնելով` կապում ենք դեպի մեղքերը մեր ընթացքը, նաեւ դեպի բարին ենք ուղղում մեր ընթացքը, ըստ այն խոսքի, թե` «Քո պատվիրանների ճանապարհով գնացի» (Սաղմ. ՃԺԸ 32):
Հարկ է եկեղեցիներում աղոթել, ինչպես Դավիթն է ասում. «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» (Սաղմ. ԿԷ 27): Ինչպես ասում է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի» (Ես. ԾԶ 7), եւ թե` «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» (Սաղմ. ԿԷ 27): Քանզի ամեն մի գործ իր տեղում է կատարվում: