Բուժքրոջ մասնագիտությունը ամենամարդասիրականն է. Գեղանուշ Ստեփանյան
Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է:
Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նա է կազմակերպել գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը: 1854թ.-ին Նայթինգեյլը մեկնեց Թուրքիա, իսկ այնուհետև Ղրիմ` այցելելու հիվանդանոցները:
Նրան ուղեկցում էր նաև 38 օգնական, որոնց թվում էին գթության քույրեր և միանձնուհիներ: Հատուկ հետևողականությամբ Ֆլորենսն սկսեց խնամել պատերազմի դաշտում վիրավորվածներին:
Լազարեթում նրա գործողությունների շնորհիվ զգալիորեն նվազել էր մահացությունների թիվը:
«Բուժքույրի մասնագիտությունը աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունն է, ուրիշ ոչ մի մասնագիտություն չի կարող իր մեջ ներառել այսքան բարձրագույն հոգևոր հատկանիշներ, ինչպիսիք են կարեկցանքը, համբերությունը, նրբանկատությունը, ուշադրությունը, հոգատարությունը և այլն: Բուժքույրերը մեծ պատասխանատվությամբ պայքարում են մարդու ամենաթանկ հարստության՝ առողջության համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, «Հայաստանի հանրապետության բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը:
Ստեփանյանը փաստեց, որ ռազմի դաշտում էլ բուժքույրերը առանձնացել են իրենց անձնազոհ աշխատանքով:
«Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Հայաստանի և Արցախի բոլոր բուժքույրերին, ցանկանալ նրանց առողջություն և համբերություն: Նրանց բոլոր հիվանդներին շուտափույթ ապաքինում»,-ընդգծեց վաստակաշատ բուժքույրը:
Գեղանուշ Ստեփանյանի խոսքով՝ բուժքույրների աշխատանքը բժիշկների հետ համատեղ՝ թիմային աշխատանք է.«Բուժքրոջ մասնագիտությունը իր մեջ ներառում է անկախ և կախյալ գործողություններ: Կախյալ, երբ բժշկի նշանակումներով է առաջնորդվում և անկախ, երբ ինքնակամ խնամք է իրականացնում: Սա թիմային աշխատանք է ու բժիշկն ու բուժքույրը չեն կարող անկախ աշխատել»,-եզրափակեց Գեղանուշ Ստեփանյանը:
Henaran.am-ի խմբագրակազմը շնորհավորում է բուժքույրերին մասնագիտական տոնի առիթով և մաղթում անսահման եռանդ: