ՀՀԿ-ն կողմ չէ ինքնանպատակ բանավեճերի. Տարոն Մարգարյանը չի ընդունի «Ելք»-ի հեռուստաբանավեճի առաջարկը
«ՀՀԿ-ն կողմ չէ ինքնանպատակ բանավեճերի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ-ն ընտրում է առանց միջնորդների հանրությանը ներկայացնել ծրագրերը, և ինքնանպատակ բանավեճերին մենք կողմ չենք, մեր նպատակը ընտրողներին, երևանցիներին, հանրությանը մեր ծրագրերը ներկայացնելն ու հաշվետվություն տալն է», – նշել է նա՝ արձագանքելով «Ելք» դաշինքի կողմից Տարոն Մարգարյանին հեռուստաբանավեճի հրավիրելու առաջարկին։
Նա նշել է, որ Տարոն Մարգարյանն այսօր` ժամը 18։00-ից սկսած մինչև ուշ երեկո, հանդիպումների է լինելու իր ընտրողների հետ։
Դիտարկմանը՝ «Ելք»-ից հայտարարել են, որ բանավեճից հրաժարվողը պետք է քվե չստանա, ՀՀԿ շտաբի պետն արձագանքել է. «Որոշողը ոչ թե իրենք են, այլ՝ երևանցիները, մայիսի 14-ին կտեսնենք՝ երևանցին ում կտա իր ձայնը, երևանցին ինչպես որոշի, այնպես էլ կլինի։ Ես չեմ կարծում, որ «Ելք»-ը կամ որևէ այլ կուսակցություն արդեն մենաշնորհ ունեն Երևանում ապրող քաղաքացիների փոխարեն որոշելու»։
Անդրադառնալով ԿԸՀ ներկայացված «Ելք»-ի դիմումին, որով նրանք պահանջում են արգելել ՀՀԿ-ի մասնակցությունը Երևանի ավագանու ընրություններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ դիմումները, որոնք ուղղվում են իրավապահ մարմիններին կամ ԿԸՀ, ինքը չի մեկնաբանում։
«Մեկնաբանելու բան չունեմ, որովհետև դա կդիտվի որպես միջամտություն, դա բացառապես ԿԸՀ-ի քննելու ու որոշելու հարցն է, բայց մի բան կասեմ՝ ՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ դաշինքների, երևանցիներին ոչ նաղդով, ոչ էլ նիսյայով փող չի խոստացել», – ընդգծել է Է. Շարմազանովը։