«Ելքը» դիմելու է ԿԸՀ` չեղարկելու ՀՀԿ-ի մասնակցությունը
Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանն ու քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձան երեկ տեղի ունեցած դեպքերին, երբ, իրենց խոսքով, պարզել են, որ ՀՀԿ-ի շտաբից ընտրակաշառք են բաժանում: Փաշինյանը հայտարարեց, որ այն ժամանակ, երբ իրենք գտնվել են ՀՀԿ-ի շտաբներից մեկի մոտ, որ գտնվում է Մալաթիա-Սեբաստիայում, իրենց վստահված անձի նկատմամբ բռնություն է կիրառվել: Տեղում «Ելքի» ներկայացուցիչները պարզել են զննություն իրականացնել այս շտաբում, սակայն ոստիկանությունը դա չի կատարել, քանի որ սեփականատերը չի ցանկացել:
«Ես չեմ կարող վստահ լինել, որ այնտեղ ինչ-որ բան կա, չեմ կարող վստահ լինել, որ այնտեղ բան չկա: Բայց բոլորի շահերից էր բխում, որ զննեին, տեսնեին, որ դատարկ շտաբ է, բան չկա, բայց այս գործելաոճը հուշում է, որ բան կար: Ես արձանագրում եմ Տարոն Մարգարյանն ընտրակաշառքներ է բաժանել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դիմելու են ԿԸՀ, որպեսզի չեղարկեն ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին:
Մյուս դիմումով փորձելու են կանխել ստուգման մեխանիզմը, որը կապված է ընտրակաշառքի հետ: «Որպեսզի ԿԸՀ-ը սահմանի, որ նման դեպքերում ծրարը չհաշվառվի որպես քվե»,-նկատեց Է. Մարուքյանը: