ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի փակումը լուրջ հարված էր. Պ. Սվիտալսկի
Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակվելու է: Այսօր ասուլիսի ժամանակ Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կանդրադառնա դա ԵՄ-ի ու Հայաստանի փոխհարաբերությունների և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի վրա, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտ Սվիտալսկին նշեց, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակն արդեն հայտարարություն արել է այս մասին, ինքը կարող է ներկայացնել միայն տեղական տեսակետը:
«Մեզ համար ԵԱՀԿ գրանսենյակը Երևանում չափազանց հուսալի, կենսական գործընկեր է մեր ծրագրերի իրականացման համար: Մենք համոզված ենք, որ այս ծրագրերը շատ օգտակար էին, ունեցել են իրենց հստակ ներդրումը ժողովրդավարական գործընթացների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համար: ԵԱՀԿ գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին` ապացուցելով, թե ինչքան կարևոր է ԵԱՀԿ-ի ներդրումը»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
Նա նշեց, որ ԵԱՀԿ-ի ամենակարևոր արժեքը տեղում լինելն ու տեղում աշխատելն է. «Մենք համոզված ենք, որ հայկական կողմը լավագույն օրինակն է ցուցաբերել ընդունող պետության, առնվազն մեր համատեղ ծրագրերի տեսանկյունից, որ իրականացրել ենք, կառուցողական դիրքորոշում է ունեցել և շատ իմաստներով օրինակելի դիրքորոշում է ունեցել, երբ շատ պետություններ հարցականի տակ են դնում ԵԱՀԿ գրասենյակների առկայությունն իրենց տարածքում»,-հավելեց նա:
Վերջինս հույս հայտնեց, որ ծրագրերը, միջոցառումները, որ իրականացնում էր ԵԱՀԿ գրասենյակը Երևանում, կշարունակվեն: «Հակառակ դեպքում դա կլինի մեծ կորուստ, և այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, սրանք պիտի դադարեցվեին: Մեզ համար էլ սա բավական մտահոգիչ էր, որովհետև մեզ համար էլ նախընտրելի գործընկեր էր, մենք առաջին հերթին սկսում էինք մտածել, թե ում հետ աշխատեինք Եվրոպայից:
Ես ուզում եմ գովեստի խոսքեր ասել ԵԱՀԿ գրասենյակի ու Հայաստանի մեր գործընկերներին կատարած հրաշալի աշխատանքի համար, այս մարդկանց համար լուրջ հարված է սա, սա վատ է, ստիպված են դադարեցնել աշխատանք ու գնալ տուն: Հայաստանն էլ, ԵԱՀԿ-ն էլ սրա կարիքն ունեն, երևի թե ավելի շատ ԵԱՀԿը-ը, քան թե Հայաստանը»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ: