Ճիգ մի բանեցրեք. Խաչիկ Մանուկյանի բաց նամակը
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը բաց նամակ է հղել Հայաստան համահայկական հիմնադրամ գործադիր վարչութանը և ծրագրի համակարգող, գործադիր տնօրենի խորհրդական տիկին Աիդա Խաչիկյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.
Հարգելի տիկին Խաչիկյան Ես իսկապես մասնակցել եմ ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի սահմանած մրցույթին, կարծելով, որ հանձնաժողովի անդամներն առաջնորդվելու են բացառապես գրական արժեքների գնահատման բարձր չափանիշներով։
Իմ «Եթերային ապարանք» բանաստեղծական ժողովածուն, նախքան Ձեզ հանձնելը, մեծ արձագանք էր ունեցել գրական շրջանակներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Այնտեղ ներկայացված մի շարք գործեր թարգմանվեցին եվրոպական տարբեր լեզուներով։
«Դրուժբա նարոդով» ռուսական հանդեսի պոեզիայի բաժինը վարող բանաստեղծուհի Գալինա Կլիմովան մի ամբողջ շարք թարգմանաբար հրապարակելուց հետո, ցանկություն է հայտնել թարգմանել և ներկայացնել գրքում ընդգրկված բոլոր գործերը։
Տորոնտոյի համալսարանի դասախոսներից ֆրանսերեն թարգմանությամբ պատարաստվում են հրատարակել բանաստեղծություններիս հատորը, որտեղ ընդգրկված են լիելու գործեր նաև «Եթերային ապարանքից»:
Մոլորակի տարբեր հատվածներում գործող հայկական գաղթօջախներից շարունակում եմ գրական հանդիպումների հրավերներ ստանալ՝ ԱՄՆ (Բոստոն, Լոս անջելես), Կանադա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան, Լեհաստան…
Երևանյան մի շարք դպրոցներ և գրադարաններ բազմաթիվ հանդիպումներ կազմակերպեցին և դեռ շարունակում են կազմակերպել նշված գրքի շուրջ, որտեղ ամփոփված բանաստեղծությունները դպրոցականները սիրով են հնչեցնում։ Սա այն դեպքն է, երբ մրցանակն էր արժևորվելու գրքով և ո՛չ հակառակը, գիրքն արդեն իր հաղթական ընթացքի մեջ է։ Ինչևէ։ Կարծում եմ՝ պատիվ չի բերում ՀՀ Նախագահի անունը կրող մրցանակը ներկայացնող հանձնաժողովի կազմում, արժանապատիվ մտավորականների կողքին, ունենալ նաև այսպահական երերունների, որոնք բոլորովին այլ արժեհամակարգի կրողներն են։
Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, գրական բարձր չափանիշներով առաջնորդվող մեր մի շարք անաչառ մտավորականների ինքս եմ խնդրել, որ անարձագանք թողնեն եղածը։
Հարգելի տիկին Խաչիկյան, Ձեր անձի հանդեպ հայտնում եմ իմ խորին հարգանքը և խնդրում, որ հորդորեք հանձնախմբի որոշ անդամների՝ մեկ անգամ ևս կարդան «Եթերային ապարանք» բանաստեղծական ժողովածուն և ճիգ չբանեցնեն զսպելու ընթերցողի իրենց հիացմունքը։
Հարգանքով՝ Խաչիկ Մանուկյան
6 մայիս 2017թ.